ԲՀԿ-ի շուրջ ստեղծված «օղակը» գնալով նեղանում է: Ներքին ըմբոստությունը նոր հորիզոններ է ընդգրկում: Կուսակցությունը երկու թևի է բաժանվել, ավելի ճիշտ` երկու բևեռի` ընդդիմադիրների և պաշտոնասերների: ԲՀԿ-ից ոչ փաստացի «պոկվածները» ուզում են իշխանության հետ շարունակել ճանապարհը, իսկ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փորձում է կուսակցության բեկորներն իրար գլխի հավաքել ու համալրել ուժերը:
Ինչպես մեր աղբյուրն է պնդում, իշխանության երկու թևի պայքարի արդյունքում է ԲՀԿ-ն այս վիճակում հայտնվել: Քանդում են, որ տիրեն. ահա այս հայտնի սկզբունքով են առաջնորդվում: ԲՀԿ-ի կազմաքանդումը կարող է կասեցվել, եթե վերևներում հաշտության «համաձայնագիր» կնքվի հօգուտ կուսակցության: Մինչդեռ, նույն աղբյուրի տեղեկացմամբ, այդպիսի սցենար չի նախատեսվում, հակառակը, առաջիկայում չի բացառվում, որ բեկորների բաժանված կուսակցությունը լքեն գործարար, պաշտոններ փափագող հատվածը: Իսկ ԲՀԿ-ի նաիրազոհրաբյանական թևը, ըստ նույն աղբյուրի, կպահպանի իր գոյությունն այնքան ժամանակ, մինչև որևէ դաշինքով պատրաստվի խորհրդարանական ընտրություններին: Այլապես միայնակ հազիվ թե կարողանա պահանջված շեմը հաղթահարել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ